Արգենտինայի ոստիկանությունը հայտարարել է, որ մանկապիղծների միջազգային ցանց է բացահայտել, որտեղ օգտվողները նկարներ եւ տեսահոլովակներ են փոխանակել։ Ոստիկանական գործողությունների արդյունքում երկրի տարածքում ավելի քան 60 հասցեներ հետախուզության են ենթարկվել։
Ոստիկանությունն առգրավել է համակարգչային տեխնիկա, որը կարող էր օգտագործված լինել սոցիալական կայքերի միջոցով արգելված ֆայլերի փոխանակման եւ վաճառքի համար։
Հետաքննությունն սկսվել է մոտ երկու տարի առաջ, երբ Ինտերպոլը հետեւել է լոնդոնյան կայքերից Արգենտինա թափանցող նկարներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Տասնյակ մարդկանց մեղադրանք կներկայացվի։ Արգենտինայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ ցանցի անդամները կեղծանուններ են օգտագործել՝ բրիտանացիների հետ կապ պահելու համար։ Մի քանի համակարգիչներում հայտնաբերվել են 10 տարեկանից փոքր երեխաների լուսանկարներ։





























