Մեկ տարի է անցել իտալական «Տիտանիկ» Costa Concordia-ի նավաբեկությունից։ Նավում ավելի քան 4,2 հազար մարդ էր եղել, 32-ը զոհվել էին։
Մեկ տարի անց դեռ վթարի վայրում գտնվող նավն արդեն հասցրել է դառնալ տեսարժան վայր։ Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն հետախուզման տակ է։ Խորտակված նավի շարքային նավաստիները հիմա էլ շարունակում են ծով դուրս գալ։
290 մետր երկարությամբ, 17 տախտակամածներով նավը հունվարի 13-ին Հռոմի մոտ գտնվող Չիվիտավիկիա նավահանգստից ուղեւորվել էր Սավոնա։ Մի քանի ժամ անց, երբ ուղեւորները ռեստորաններում ընթրում էին, դղրդյուն էր լսվել, ինչից հետո նավը կողքի էր թեքվել։ Նավը բախվել էր Տոսկանայի ափերի խութերին եւ մոտ 70 մ երկարությամբ ճեղք ստացել։
Ողբերգությունից հետո շատ ուղեւորներ հայտնել էին, որ անձնակազմի անդամները, նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի գլխավորությամբ, միանգամից չեն հայտնել կատարվածի մասին։ Նավում իրարանցում է սկսվել։ Ավելին, ասվել էր, որ նավապետը նավը լքել է նախքան տարհանման ավարտը։
Խորտակված զբոսանավը տեղական ձեռնարկատերերին եւ ռեստորանատերերին բավական մեծ եկամուտ է բերել. ամբողջ գարնան եւ ամռան ընթացքում կղզի են ժամանել զբոսաշրջիկներով լի նավեր, որոնց գլխավոր նպատակն է եղել իտալական «Տիտանիկի» հետ լուսանկարվելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Costa Concordia-ի նավաբեկության առաջին տարելիցի նախաշեմին Costa Crociere համասեփականատեր ընկերությունը պատրաստվում է հունվարի 13-ին հիշատակի մի շարք միջոցառումներ անցկացնել: Ջիլիոյում տեղի կունենա հիշատակի գլխավոր արարողությունը: Գենուայում, որտեղ գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակը, եկեղեցիներից մեկում զոհվածների հիշատակին կմատուցվի սգո պատարագ: Նման պատարագներ տեղի կունենան նաեւ Փարիզում, Մումբայում, հնդկական Գոա նահանգում, Ջակարտայում, Շանհայում, Մանիլայում եւ Լիմայում:
Բացի դրանից, կիրակի օրը Costa Crociere-ի բոլոր գրասենյակներում եւ նավերում կխոնարհվեն դրոշները, զբոսանավերում եւս պատարագներ կմատուցվեն, որոնք կավարտվեն լռության րոպեով:




























