Դեպի Մալիի հարավ իսլամիստների առաջխաղացումը կանգնեցվել է, զորքերը ձեռնամուխ են եղել ահաբեկիչների կայանների ոչնչացմանը, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Ապստամբներից հետ են նվաճվել տասնյակ բնակավայրեր, գրոհայինները բազմաթիվ կորուստներ են կրում:
«Երբ Մալիի նախագահն օգնություն խնդրեց, մենք համաձայնեցինք: Հավանություն տվեցին պարոն Պան Գի Մունը եւ ՄԱԿ-ի ԱԽ-ն:
Հակամարտությունը կարող է լուծվել մի քանի շաբաթների ընթացքում: Մալիում մեր մշտական ներկայության մասին խոսք չկա», — ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հաղորդում է vesti.ru-ն:
Մալիում միջազգային ռազմական գործողության մասնակիցների թիվն օրեցօր աճում է: Փարիզի նախաձեռնությունը Բեռլինից բացի աջակցել է նաեւ Լոնդոնը. Բրիտանիան Մալի է ուղարկում Boeing С-17 երկու ռազմական ինքնաթիռ: Վաշինգտոնն օգնում է կապով եւ լոգիստիկայով, Ալժիրը ռազմական ինքնաթիռների համար բացել է իր օդային տարածքը, Նիգերը եւ Տոգոն հատկացրել են հազարական զինծառայողներ:
Գրոհայինների առաջխաղացումը դադարեցնելուց հետո արեւմտյան զորքի գլխավոր թիրախը Մալիի հյուսիսում ծայրահեղականների կայաններն են: Տեղի բնակիչները հուսով են, որ իսլամիստներին հաղթելուց հետո կյանքը կհարթվի, իսկ այժմ երկրում հումանիտար իրավիճակն աղետալի է:




























