Պակիստանցի քարոզիչ Թախհիրուլ Քվադրին  առաջնորդում է երթը դեպի Իսլամաբադ` ընտրությունների նախաշեմին պահանջելով առանցքային բարեփոխումների անցկացում:  Հունվարի 13-ին սկսված երթին արդեն միացել է յոթ հազար մարդ, որոնք գնում են հարյուրավոր մեքենաներով, ավտոբուսներով եւ բեռնատարներով: 

Ընթացքոմ երթին նոր մարդիկ են միանում: Մասնակիցներն իրենց հետ տանում են Պակիստանի ազգային դրոշներ, ինչպես նաեւ դագաղի մանրակերտ, որը խորհրդանշում է գոյություն ունեցող պետական համակարգը:

Իսլամիստ գիտնական եւ քարոզիչ Քվադրին երկար տարիներ անցկացրել է Կանադայում եւ Պակիստան վերադարձել 2012թ. դեկտեմբերին, նա հայտարարել է, որ մտադիր է գլխավորել միլիոնավոր մարդկանց` «խաղաղ հեղափոխության» ճանապարհին, հայտնում է lenta.ru-ն:

Քարոզիչն իր գլխավորած երթն անվանում է երթ` հանուն մարդու իրավունքների, աղքատության վերացման, օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի: Իշխանությունները 10 հազար ոստիկան են  տրամադրել երթի ընթացքում ցուցարարների պաշտպանության համար, իսկ Քվադրիին պաշտպանում են վերնախավային հատուկ ստորաբաժանման մարտիկները: