Վիրահատությունից հետո նախագահ Ուգո Չավեսի ապաքինումը բարեհաջող է ընթանում, հունվարի 13-ի երեկոյան հայտնել է Վենեսուելայի տեղեկատվության եւ կապի նախարար Էռնեստո Վիլյեգասը:
«Նախագահն անվերապահորեն կատարում է բժիշկների բոլոր խորհուրդները: Շնչառական ինֆեկցիան վերահսկելի է, թեեւ նախագահը շնչառական անբավարարության վերացման հատուկ միջոցների կարիք ունի», - հաղորդվում է պետական հեռուստաալիքի եթերում Վիլյեգասի ընթերցած կառավարական կոմյունիկեում: Փաստաթղթում վստահեցվում է, որ Չավեսը «գիտակցության է եկել, զրուցում է ընտանիքի, երկրի քաղաքական ղեկավարության եւ բուժանձնակազմի հետ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահը հետվիրահատական բուժման կուրս է անցնում Հավանայի բժշկական կենտրոնում: Հունվարի 11-ին եւ 12-ին Կուբայի մայրաքաղաում են գտնվել Արգենտինայի եւ Պերուի նախագահները:
Հունվարի 12-ին Հավանայի օդանավակայանի արձանագրությունների սրահում Կուբայի Պետական խորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն զրուցել է Վենեսուելայի ղեկավարության ` փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի, Ազգային ժողովի (խորհրդարան) նախագահ Դիոսդադո Կաբելյոյի, Նավթային եւ լեռնահանքային արդյունաբերության նախարար Ռաֆայել Ռամիրեսի, գլխավոր դատախազ Սիլիա Ֆլորեսի հետ:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի համախոհները հունվարի 13-ին երկրի խորհրդարանի եւ Գերագույն դատարանի որոշումների աջակցության զանգվածային հանրահավաքներ են անցկացրել, որոնցով անորոշ ժամանակով հետաձգվել էր պետության ղեկավարի երդմնակալությունը:




























