Պակիստանի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆը պաշտոնանկ է արել Բելուջիստանի նահանգի գլխավոր նախարարին, որտեղ նախորդ շաբաթ պայթյուններ էին որոտացել, հաղորդում է «Կոմսոկոլսկայա պրավդան»:

Ըստ Vasti.ru-ի, Բելուջիստանի կառավարությունը հեռացվել է ողջ կազմով: Երկրի վարչապետը նման որոշում է կայացրել Կվետա քաղաքում շիա մահմեդականների հետ հանդիպումից հետո, որոնք բողոքում են անվտանգության ոլորտում իշխանությունների անգործության դեմ: Նրա խոսքով՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում Բելուջիստանը կվեհասկի հատուկ նշանակված նահանգապետը:

Վարչապետի խոստումներից հետո Կվետայում ցուցարարները ավարտել են իրենց եռօրյա նստացույցը:

Հիշեցնենք, որ Բելուջստան նահանգում ահաբեկչությունների  հետեւանքով զոհվածների հարազատները հրաժարվում են նրանց  հուղարկավորելուց՝ դրանով անվտանգության ոլորտում իշխանությունների անգործության դեմ իրենց բողոքն արտահայտելով։

Զոհերի ընտանիքներն իրենց հարազատների մասունքները դագաղներով դրել են իրենց տների առջեւ՝ հայտարարելով, որ ոչ մի տեղ չեն տանի, քանի դեռ նահանգում զորքեր չկան, գրում է BBC News-ը: Շիա-հազարաների (Աֆղանստանից եկածների) համայնքի առաջնորդները պահանջել են անհապաղ վճռական քայլեր ձեռնարկել տեղի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ, նաեւ՝ զգալի բարձրացնել նահանգում անվտանգությունը։

Միաժամանակ, Քվետա եւ Կարաչի քաղաքներում ահաբեկչության դեմ բողոքի բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները իրենց եւ իրենց մերձավորների համար երկրի ղեկավարությունից ապահովություն են պահանջել, գրում է  lenta.ru-ն։

Հիշեցնենք, հունվարի 10-ին Քվեթայում մի քանի պայթյուններ էին որոտացել, նվազագույնը 115 մարդ զոհվել էր, հարյուրավորները՝ վիրավորվել։ Ահաբեկչությունները, որոնց համար պատասխանատվությունը ստանձնել են սունիները, ուղղված էր շիաների դեմ։