Ղազախստանում դատապարտել են գործազուրկ տղամարդուն, ով անպարկեշտ ժեստ է ցույց տվել փողոցով այդ պահին անցնող VIP ավտոշարասյան հասցեին: Պավլոդար քաղաքի դատարանը նրան դատապարտել է 5-օրյա ազատազրկման:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 10-ին, Պավլոդարը տեղի օդանավակայանին կապող մայրուղու վրա: Տղամարդը միջնամատ է ցույց տվել ավտոշարասյանը, որում եղել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քայրաթ Մամին:
Անպարկեշտ ժեստը տեսել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր էլ հենց ձերբակալել են երիտասարդ տղամարդուն, հաղորդում է РБК-ն:
Ղազախ տղամարդն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը եւ զղջացել արածի համար, սակայն դատարանում որոշել են, որ չի կարելի անպատիժ թողնել նման «անամոթ արարքը»:





























