Աթենքում ինքնաձիգներից կրակ են բացել «Նեա դեմոկրատիա» (Նոր ժողովրդավարություն) կուսակցության շտաբ-բնակարանի վրա: Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողների թիրախը եղել է երկրի գործող վարչապետ Անտոնիոս Սամարասի աշխատասենյակը:

Ինչպես հաղորդում են հունական լրատվամիջոցները՝ այսօր՝ հունվարի 14-ի գիշերը, հանցագործները մեքենայով մոտեցել են շենքին եւ կրակ բացել գրասենյակի վրա: Ավելի ուշ դեպքի վայրում ոստիկանները 9 գնդակի հետքեր են հայտնաբերել: Բարեբախտաբար,  արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Առավոտյան կողմ հայտնաբերվել է այրված ավտոմեքենան, որով կրակողները հեռացել են հանցագործության վայրից, հաղորդում է РБК-ն:

Հունաստանի վարչապետի մամուլի քարտուղարն արդեն հանդես է եկել հայտարարությամբ: Նրա խոսքով՝ կրակոցներն ուղղված են հունական ժողովրդավարության դեմ:

Դեռեւս ոչ մի հունական կազմակերպություն չի վերցրել գիշերային հարձակման պատասխանատվությունը: