Կուբայում, այսօր՝ հունվարի 14-ին ուժի մեջ է մտել օրենքը, որը 1961 թվականից ի վեր առաջին անգամ երկրի քաղաքացիներին իրավունք է տալիս ազատորեն մեկնել արտասահման՝ դրա համար չստանալով իշխանությունների հատուկ թույլտվությունը: Համապատասխան փաստաթուղթը Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն ստորագրել է 2012 թվականի հոկտեմվերի 16-ին: Օրենքի համաձայն՝ արտերկրում գտնվելու թույլատրելի ժամկետը 11-ից երկարացվել է 24 ամսի:
Ավելի վաղ Ազատության կղզուց հեռանալ ցանկացող կուբացիները պետք է համապատասխան թույլտվություն ստանային միգրացիայի հարցերով վարչությունից: Դրա համար նրանք պետք է վճարեին մոտ 300 դոլար, ինչը 15 անգամ բարձր է երկրում միջին աշխատավարձից:
Երկրից հեռանալ թույլ չէր տրվում, մասնավորապես, առողջապահության ոլորտի տասնյակ հազարավոր աշխատակիցների, իսկ բարձրագույն կրթությամբ մասնագետներն իրենց մեկնումը պետք է համաձայնեցնեին իրենց ոլորտի նախարարի հետ, հաղորդում է NEWSru.com-ը:
Ներկայումս երկրից մեկնելու համար չափահաս կուբացին պետք է պարզապես անձնագիր, ավիատոմս եւ համապատասխան երկրի վիզա ունենա, եթե այն պահանջվում է:
Սահմանափակումները վերաբերվում են հայտնի մարզիկներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր պետական գաղտնիքների են տիրապետում, գտնվում են քննության ներքո, կամ էլ նրանց աշխատանքը «կենսական կարեւորություն ունի» երկրի համար:




























