Եվրասիական տնտեսական միությունը բաց է այլ պետությունների, առաջին հերթին` ԵվրԱզԷՍ-ի եւ ԱՊՀ անդամների համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հունվարի 14-ին ելույթ ունենալով Չերնովիցի ազգային համալսարանում:

 «Մաքսային միության եւ Միացյալ տնտեսական տարածքի գործունեության արդյունքը մեր երկրներում ներդրումային միջավայրի բարելավումն է, բիզնեսի համար առավել բարենպաստ պայմաններ, նոր աշխատատեղեր ստեղծելը», - նշել է նախարարը:

Ըստ նրա` «եռյակի» շրջանակում ինտեգրման գործընթացների խթանումը չի նշանակում այլ երկրներից հեռանալու միտում: «Հակառակը, եվրասիական նախագիծը հենց սկզբից էլ համարվել է բաց այլ պետությունների համար, առաջին հերթին` ԵվրԱզԷՍ-ի եւ ԱՊՀ-ի անդամների համար: Միաժամանակ կարեւոր է, որպեսզի միանալ ցանկացող երկրները ոչ միայն համամիտ լինեն դրա նպատակներին  եւ սկզբունքներին, այլեւ իսկապես պատրաստ լինեն դրանց իրագործմանը», - ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

2012թ. հունվարի 1-ից Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տարածքում սկսել էր  գործել նոր ինտեգրացիոն կառույց` Միացյալ տնտեսական տարածք (ՄՏՏ): Ենթադրվում է, որ ՄՏՏ-ի ներսում կապահովվի ապրանքների, ծառայությունների եւ կապիտալների ազատ տեղափոխումը մասնակից երկրների պետական սահմաններով:  ՄՏՏ-ն այդ երեք երկրի ստեղծած Մաքսային միությանը զուգահեռ պետք է կարեւոր  ուղենիշ դառնա  ավելի խոշոր ինտեգրացիոն միավորման` Եվրասիական տնտեսական միության ստեղծման ճանապարհին, որի գաղափարը դեռեւս 1994թ. առաջարկել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: