Հայաստանի կանանց ռեսուրսային կենտրոնն, այսօր՝ հունվարի 14-ին, Երեւանում, ակցիա է կազմակերպել՝ ի պաշտպանություն Հնդկաստանի բոլոր կանանց (ֆոտո): Ակցիան տեղի է ունեցել Երեւանում Հնդկաստանի դեսպանատան դիմաց եւ նվիրված է եղել վերջերս 23-ամյա հնդիկ ուսանողուհու դաժան բռնաբարության դեպքին:

Հայաստանի կանանց ռեսուրսային կենտրոնի մամուլի քարտուղար Էլվիրա Մելիքսեթյանի խոսքով՝ իրենք հույս ունեն, որ «Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը, մասնավորապես, դեսպան Աչալ Կումար Մալհոտրան, անհրաժեշտ ուշադրություն կդարձնեն կանանց դեմ ուղղված միջադեպերին, քանի որ դրանք գլոբալ բնույթ են կրում ինչպես Հնդկաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս եւ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ իրականացնել նման միջադեպերի պատշաճ հետաքննության նկատմամբ»,-նշել է Մելիքսեթյանը:

Ակցիայի ավարտին կազմակերպիչներն ու մասնակիցները դեսպան Մալհոտրային նամակ են հանձնել, որտեղ հարցեր են ուղղել կապված 23-ամյա հնդիկ ուսանողուհի Ջոտի Սինգհի դաժան բռնաբարության եւ սպանության գործով հետաքննության շրջանակներում Հնդկաստանի կառավարության հետագա քայլերի հետ կապված:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին, Դելիի հարավում գտնվող աղքատ թաղամասերից մեկում 6 հարբած ավտոբուսում, ընկերոջ աչքի առաջ դաժանաբար բռնաբարել են 23-ամյա հնդիկ ուսանողուհուն եւ ծեծել երկաթե ճիպոտով:

Զոհերին ավտոբուսից դուրս նետելուց հետո, հանցագործները փորձել են մեքենայի տակ գցել աղջկան, բայց նրա ուղեկից տղան հասցրել է դուրս քաշել նրան անիվների տակից: Հաջորդ օրը, շնորհիվ փողոցներում առկա անվտանգության տեսախցիկների,  ոստիկանությունը ձերբակալել է ավտոբուսի վարորդին, ում շապիկի վրա արյան հետքեր են եղել: Ձերբակալվածը հայտնել է իր հանցակիցների անունները:

Հիշեցնենք, որ աղջիկը երեք վիրահատության է ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: 23-ամյա ուսանողուհին ստացած վնասվածքներից մահացել է դեկտեմբերի 29-ին:

Այս հանցագործությունը մեծ արձագանք է ստացել Հնդկաստանի շատ քաղաքներում, որտեղ զնագվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցարարները պահանջել են մահապատժի ենթարկել հանցագործներին, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար կանանց իրավունքները երկրում:

Բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: