Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հայտնի է իր հանկարծակի այցերով սովորական հասարակական վայրեր` այս անգամ էլ ճաշել է փողոցի վրա գտնվող մի սովորական ճաշարանում:
Թուրքական Samanyoluhaber կայքէջի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետը նախընտրել է քյաբաբ ուտել: Էրդողանի հետ նույն վայրում ճաշել են նաեւ նրա թիկնապահները: Այնուհետ ճաշարանի սեփականատերը Էրդողանին եւ նրա թիկնապահներին փախլավա է հյուրասիրել:
Թուրքիայի վարչապետը ճաշարանում մոտ մեկ ժամ զրուցել է քաղաքացիների հետ, այնուհետ վճարել իր եւ իր թիկնապահների ճաշի հաշիվը եւ հեռացել:
NEWS.am-ը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ էլ Թուրքիայի վարչապետը աշխատանքային օրվա ավարտից հետո ճանապարհին այցելել է տաքսի սերվիսներից մեկը եւ մոտ 20 րոպե զրուցել վարորդների հետ: Վարորդները վարչապետին թեյ էին հյուրասիրել եւ ներկայացրել իրենց հուզող հարցերը:
2009-ի իսլամական Ռամադան տոնի նախօրյակին Էրդողանը գնացել էր փողոցում գտնվող հասարակ վարսավիրանոց սափրվելու համար, սակայն վարսավիրի տեղում չլինելու պատճառով ստիպված է եղել 10 րոպե վարսավիրանոցի դիմաց սպասել վարսավիրին:




























