Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ փետրվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանում հայտնի բռունցքներով վիճաբանության օրը ամբիոնում հարբած վիճակում ելույթ ունեցած ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորին։

Թուրքական Gazeteport-ի տեղեկացմամբ՝ ընդդիմադիր Չեթին Սոյսալը հարբած վիճակում ամբիոնի մոտ ելույթ է ունեցել՝ նշելով, որ իշխանությունը անօրինականություն է դրսեւորում պետական մենաշնորհային (TEKEL) ձեռնարկությունների աշխատակիցների հանդեպ, որոնք արդեն մեկ ամիս է գործադուլ են անում՝ հանուն իրենց իրավունքների, եւ ասել, որ իշխանությունները դրա համար պատասխան են տալու։

Այնուհետ փոխվարչապետ Բյուլենտ Առինչը մոտեցել է նիստը վարող Գյուլդալ Մումջուին՝ ասելով թե ինչպես է նա թույլ տվել, որ հարբածը խոսի ամբիոնից եւ շեշտել, որ վարողը կոպիտ խախտել է խորհրդարանի ներքին կանոնակարգը։