«Գեո Պրո Մայնինգ» ընկերությունը պատրաստվում է իր` Հայաստանում գտնվող Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում (ԱՊՄԿ) լրացուցիչ միջոցներ ներդնել: Ներդրումների ծավալները առայժմ ճշգրտվում են և վերջնական գումարը հայտնի կդառնա հարստացման գործարանի վերակառուցումից հետո, որի ավարտը պլանավորվում է մոտավորապես երկու տարվա ընթացքում:
Նշենք, որ վերջին շրջանում պղնձի և մոլիբդենի համաշխարհային գները սկսել են աճել, ինչը զգալիորեն ավելացրել է ընկերության շահույթը, և որի շնորհիվ ընկերությունում ներդրումների իրականացումը առավել հեռանկարային է դարձել: Հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված 500 միլիոն դոլար կայունացման վարկի շրջանակներում ԱՊՄԿ-ին բյուջետային վարկ է տրամադրել` 4 տարի մարման ժամկետով: Այդ գումարով գնվել են 55 տոննա հզորությամբ «ԲելԱզ» մակնիշի 5 ինքնաթափեր: ՀՀ կառավարության կողմից տրամադրված վարկի գումարն ամբողջությամբ պլանավորվում է իրացնել 2010 թվականին:
2009 թ. դեկտեմբերի 1-ից ընկերությունը արդեն սկսել է բյուջետային վարկի տոկոսադրույքները վճարել:
Նշենք նաեւ, որ 2009թ-ի երկրորդ կիսամյակում Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը վերամշակել է մոտ 1.3 միլիոն տոննա հանքաքար, ինչը 5 տոկոսով ավելի է 2008թ-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշից: Ընկերության կանխատեսումների համաձայն, հանքարդյունահանման և վերամշակման ծավալները ընթացիկ տարում կավելանան մինչև 3-3,5 միլիոն տոննա:



























