Պակիստանի Գերագույն դատարանը hունվարի 15-ին երկրի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆին կոռուպցիայի գործով կալանավորելու վճիռ է կայացրել:
Վարչապետի եւ եւս 15 մարդու ձերբակալման մասին որոշումը կայացվել էր էներգետիկ նախագծերի իրականացման ժամանակ կոռուպցիայի վերաբերյալ գործի լսումների ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով DAWN հեռուստաալիքը: Հունվարի 16-ին դատարանը երկրի իշխանություններին հանձնարարել է դատարան բերել Աշրաֆին եւ մյուս մեղադրյալներին:
Ռաջա Փերվեզ Աշրաֆը Պակիստանի Ազգային ժողովի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012թ. հունիսին: Նրա նախորդ Յուսուֆ ռազա Գիլանին ստիպված էր եղել Գերագույն դատարանի որոշմամբ հրաժարական տալ, քանի որ նրան մեղավոր էին ճանաչել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:
Ապրիլին Գիլանին մեղավոր էր ճանաչվել հանձնարարությունը չկատարելու համար, որի համաձայն նա պետք է Շվեյցարիայի իշխանություններին պաշտոնական դիմում ուղարկեր՝ պահանջելով բացել նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի բանկային հաշիվների տվյալները եւ այդպիսով վերսկսեր 2007թ. Պակիստանի քաղաքական վերնախավի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ կոռուպցիայի փակված գործը:




























