Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է Վրաստանի ղեկավարության հետ քննարկել այս կամ այն ձեւաչափով նրա ԱՊՀ վերադարձի հնարավորությունը: Այդ մասին, այսօր՝ հունվարի 15-ին, նա հայտարարել է Բելառուսի եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:
«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կարող եմ այդ մասին խոսել Վրաստանի ղեկավարների՝ Սահակաշվիլիի եւ Իվանիշվիլիի հետ: Սահակաշվիլին ինձ հրավեր է ուղարկել, եւ կարծում եմ, որ մոտ ժամանակներս այցով կմենկնեմ այնտեղ», - հայտարարել է Լուկաշենկոն, հաղորդում է «Ինտերֆաքս Զապադը»:
Հիշեցնենք, որ Վրաստանն ԱՊՀ վերադարձնելու համար բոլոր ջանքերը գործադրելու մտադրության մասին Բելառուսի նախագահը հայտարարել էր նախորդ տարվա վերջում: «Ես դրանից չեմ հրաժարվում», - հայտնել է նա մամուլի ասուլիսում:
Լուկաշենկոն նշել է, որ ինքն արդեն «այդ հարցով որոշակի շրջանակների մարդկանց հետ» խորհրդակցություն է անցկացրել: «Ես ոչ քաղաքականապես, այլ զուտ մարդկայնորեն ասել եմ, որ դա Վրաստանի ոչ մի ուղղությանը չի հակասում, որ նա պետք է վերադառնա ԱՊՀ… Դա Վրաստանի շահերի գոտին է», - վստահ է Բելառուսի նախագահը: Նա խոստովանել է, որ այդ ուղղությամբ Վրաստանի ղեկավարների բուռն ցանկություն չի տեսնում, նշելով, որ այժմ ամեն ինչ կախված է միայն Վրաստանից, հայտնում է «ԲելաՊանը»:





























