Փարիզում Քրդստանի բանվորական կուսակցության՝ PKK-ի երեք ակտիվիստուհիների սպանությունը զայրացրել է Ֆրանսիային եւ Թուրքիային: Միջադեպից չորս օր անց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից բացատրություն է պահանջել, թե ինչու էր վերջինս հանդիպել PKK-ի անդամների հետ: Թուրքիան PKK-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, սակայն Ֆրանսիան այդպես չի կարծում: Ավելին, աջակցում է քրդերին, Փարիզում է գտնվում կուսակցության գրասենյակը:

Փարիզում փաստաբան աշխատող քուրդ ակտիվիստուհի Սեւայդին Իզուլին «Գոլոս Ռոսիի»-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ ակնհայտ է՝ հմտորեն են գործել:  Կանանց սպանել են գլխին կրակոցներով, դա  մահապատիժ է եղել: Հանցագործության հետեւում կանգնած անձանց վերաբերյալ մի քանի ենթադրություն կա:  Ըստ ակտիվիստուհու՝ ներքին հաշվեհարդարի վարկածն անհիմն է, եւ մեղավորներին պետք է փնտրել կուսակցության սահմաններից դուրս: 

«Թուրքիայում մինչ օրս գոյություն ունի ուլտրաազգայնական «էրգենեկոն» կազմակերպությունը, որն ունի շուրջ հազար անդամ, որոնց շարքում կան  զինվորականներ, գեներալներ, կառավարության անդամներ… Չպետք է մոռանալ նաեւ Թուրքիայի աջ ծայրահեղական կուսակցության մասին», - նկատել է նա:

Իզուլին կարծում է, որ Փարիզը պատահական չէ հաշվեհարդարի վայր ընտրվել: «Հանցագործները գիտեին, որ նման դաժան հաշվեհարդարը հասարակական լայն արձագանք կստանա: Բացի դրանից, Թուրքիան մշտապես քննադատում է Ֆրանսիային քրդերին աջակցելու քաղաքականության համար…  Հատկանշական է նաեւ այն, որ որպես զոհ կանանց են ընտրել… Ամեն ինչ արվել է միայն մեկ նպատակով. աղմուկ բարձրացնել՝ կտրուկ եւ վճռական արձագանք ակնկալելով քրդերի կողմից, ինչն էլ արդյունքում կտապալի խաղաղ բանակցությունների գործընթացը», - եզրակացրել է ակտիվիստուհին:

Պատասխանելով հարցին, որ ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ առանց այդ էլ բարդ հարաբերություններ են Հայոց ցեղասպանության օրինագծի պատճառով, փաստաբանը նշել է, որ «հանցագործությունը նաեւ ուղղված է եղել Ֆրանսիայի դեմ»: «Դա յուրատեսակ վրեժ էր: Թուրքիայում բացահայտ ասում են, որ Ֆրանսիան աջակցում է հայերին, քրդերին եւ թուրքերի բոլոր թշնամիներին», - ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ի երեկոյան Փարիզում զինված անձինք սպանել էին քուրդ երեք կանանց, որոնց շարքում եղել էր PKK-ի հիմնադիրներից Սակինա Ջանսըզը: