Գերմանիայում սկսվել է Անդրեաս եւ Հայդրուն Անշլագների դեմ դատական գործընթացը, որոնք ձերբակալվել են Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։ Նրանց սպառնում է տասը տարվա ազատազրկում։
Ըստ Deutsche Welle-ի, համաձայն դատախազության կողմից առաջադրված մեղադրանքի՝ կասկածյալները զբաղվում էին ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմավարության վերաբերյալ տեղեկություններ հավաքելով։ Նրանց հետաքրքրել է նաեւ Ռուսաստանի՝ Գերմանիայի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ասպեկտները։
Ալեքսանդր եւ Օլգա Ռոստերը Գերմանիա են եկել 1988-1990 թվականներին՝ իրենց ներկայացնելով որպես լատինամերիկյան ծագում ունեցող ավստրիացիներ։ Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիաների միավորումից հետո ամուսինները մոտ 20 տարի շարունակ գաղտնի տեղեկություններ են փոխանցել ԿԳԲ-ին, իսկ Սովետական Միության փլուզումից հետո՝ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությանը, գրում է «Պոլիտ.ռու»-ն։
Գերմանիայում ամուսինները գործանականում ոչ ոքի հետ չեն շփվել, լռակյաց կենսակերպ են վարել, չեն ընդգրկվել տեղական ոչ մի կազմակերպությունում, չեն մասնակցել համերգների։ Զույգին հայտնաբերել հաջողվել է ՀԴԲ գործակալներին. Անդրեաս եւ Հայդրուն Անշլագները պարբերաբար կապի մեջ են մտել ԱՄՆ-ում տապալված «90-60-90 գործակալ» Աննա Չապմանի հետ։
Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ Բեռլինը ավելի վաղ փորձել է Անշլագներ ամուսիններին փոխանակել Ռուսաստանում պատիժ կրող երկու այլ՝ Գերմանիայի բարեկամական երկրներից մեկի հետախուզությունում աշխատած ռուս քաղաքացիների հետ։ Մոսկվայից այդպես էլ պատասխան չի ստացվել։
Ինչպես նշում է ՆՏՎ-ն, Գերմանիայում ընթացող գործընթացի վերաբերյալ հետաքրքրությունը մեծ է։ Լրագրողները պարզել են, որ ռուս լրտեսներն աշխատել են հին ձեւերով։ Ահա թե ինչ է գրել Die Welt թերթի լրագիր Ուվե Մյուլերը. «Նրանք մինչեւ հիմա օգտագործել են հին ձեւեր՝ օրինակ կարճալիք հաղորդակներ կամ թաքստոցներ՝ թաքցված մաքուր դաշտում ծառի վրա կամ գյուղական խաչերին կապած։ Ապա այդտեղ են եկել Բոնիի ռուսական հյուպատոսարանի աշխատակիցներն ու վերցրել են նյութերը։ Սա նման է սուր սյուժե ունեցող վեպի։ Զարմանալի է, որ հատուկ ծառայությունները համակարգչային դարաշրջանում կարող են օգտվել հնացած ձեւերից»:





























