Ձնաբքի հետեւանքով Շվեդիայի հարավում գտնվող Սկոնե նահանգ E4 մայրուղու վրա 100 մեքենաների մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել:

Ըստ ոստիկանության տվյալների՝ վթարի են ենթարկվել շուրջ 100 բեռնատար եւ թեթեւ մարդատար մեքենաներ, 15-20 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, զոհվել է երեք մարդ, հայտնում է «Շվեդիայի ռադիոն»:  Մայրուղին երկու ուղղությամբ էլ փակ է եւ, ըստ փրկարար ծառայությունների գնահատման,  կարող է բացվել կեսգիշերից ոչ շուտ:

Սկոնեի բոլոր հիվանդանոցները տեղեկացվել են կատարվածի մասին, Հելսինբորգի քաղաքային հիվանդանոցն աշխատում է ուժեղացված ռեժիմով:  «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով շվեդական լրատվամիջոցներին, հայտնում է, որ E4 մայրուղում՝ Հելսինբորգից ոչ հեռու տեղի ունեցած վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, ձյունը, մերկասառույցը եւ վատ տեսանելիությունն են եղել: