ԱՄՆ Կոնգրեսի շենքում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Նա ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները քաղաքական բնագավառում, տնտեսական հարցերում, ինչպես նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի եւ Թուրքիայի խնդիրներին: Պատասխանել է ներկաների հարցերին, ինչպես նաեւ ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում ԱՄՆ կառավարության եւ մասնավորապես դեսպանատան կողմից:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Ջոն Հեֆերնը շեշտել է հայ-թուրքական սահմանը բացելու անհրաժեշտությունը` ընդգծելով այս ընթացքում միջսահմանային, տնտեսական կապերը ամրապնդելու անհրաժեշտությունը:
Ներկաներից մեկի հարցին, թե ինչպես կարող է Մինսկի խումբը օգնել լուծելու հայ-ադրբեջանական հակամարտությունը, երբ Ադրբեջանի նախագահի կողմից շարունակ հնչում են սպառնալիքներ եւ հակահայ տրամադրություններով հայտարարություններ, ԱՄՆ դեսպանը պատասխանել է, որ Մինսկի խումբը դատավոր չէ, այլ միայն միջնորդ` հիշեցնելով բանակցային գործընթացը արթուն պահելու Մինսկի խմբի եւ ԱՄՆ-ի քայլերը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը գովեստով է խոսել այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են սփյուռքի, տեղի իշխանությունների եւ ԱՄՆ-ի կառավարության ջանքերի արդյունքում: Մասնավորապես նշել է աչքի ստուգումների ծրագիրը, որը շարժական մի կլինիկա է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց տարբեր մարզերում օգնելու համար:
Դեսպանը ընդգծել է, որ քաղաքական հարաբերությունները Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ շատ ամուր են եւ նախկին դեսպան Ջոն Էվանսին նայելով կիսակատակ ավելացրել է, թե Էվանսի օրոք գուցե ավելի լավ էին: Նա շեշտել է նաեւ այն փաստը, որ 18 տարվա ընդմիջումից հետո Քլինթոնի առաջին պետքարտուղարն էր, ով այց կատարեց Հայաստան, այն էլ երկու անգամ:
Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա ըստ նրա դրանք այն մակարդակին չեն ինչպես նախընտրելի է: Դեսպանի խոսքով, Ամերիկյան հավելյալ ներդրումների համար անհրաժեշտ են բիզնեսի մթնոլորտում բարելավումներ` մրցունակության ապահովում, թափանցիկություն եւ մաքսային քաղաքականության բարեփոխումներ:
Նա նաեւ հայտարարեց, որ այն արտահայտությունը, թե Իրանը Հայաստանի տնտեսության, կյանքի ուղին է, իրեն դուր չի գալիս: «Չնայած այն հանգամանքին , որ Հայաստանը չի ոտնահարում Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները»,- ասել է Ջոն Հեֆերնը: Դեսպանը ասել է, որ չի կարելի անտեսել Ռուսաստանի հետ տարբեր բնագավառներում Հայաստանի հարաբերությունները, սակայն Հայաստանը ավելի պետք է նայի Արեւմուտք: Ըստ նրա, Երեւանում ԱՄՆ դեսպանատան առաքելությունը օգնելն է Հայաստանին հաստատվելու որպես ժողովրդավարական, բարգավաճ եւ անվտանգ երկիր եւ այս ուղու վրա շատ են կարեւորում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը հանրային լրատվամիջոցներից բոլոր ուժերի օգտվելու հնարավրությունները: ԱՄՆ դեսպանը կարծիք է հայտնել, որ նոր եզրակացություններ կարելի է անել նախագահական եկող ընտրություններից հետո:
Խոսելով նախագահ Օբամայի ապրիլյան ուղերձի մասին, նա նշեց, թե դա ուժեղ հայտարարություն է ավելացնելով, սակայն թե ինչպես է ԱՄՆ բնութագրում 15 թ որոշվում է վերին ատյաններում ընտրյալ պաշտոնյանների կողմից, ոչ թե դեսպանի, այլ Վաշինգթոնի: Հարցին, թե սիրիահայերին օգնելու հարցում ԱՄՆ-ի դեսպանությունը ունի ծրագրեր, թե ոչ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանել է, որ դեսպանությունը Հայաստանի կառավարության կողմից նման դիմում չի ստացել:





























