Մոնակոյի իշխան Ալբեր II-ը զրպարտության համար դատի է տվել բրիտանական The Sunday Times թերթին եւ շահել դատը: Պարբերականն արդեն ներողություն է խնդրել միապետից:

Ընդ որում, միայն ներողությամբ, բնականաբար, գործը չի սահմանափակվի: Թերթը Ալբեր II-ին ֆինանսական փոխհատուցում կվճարի, հաղորդում է НТВ-ն:

Մոնակոյի իշխանը դատարան հայց էր ներկայացրել 2011 թվականի հուլիսին, երբ ողջ աշխարհի աչքի առջեւ հրաժեշտ տվեց իր ազատ կյանքին եւ ամուսնացավ: Թերթի էջերում նյութ էր հրապարակվել, որտեղ նշվել էր, որ իշխանի հարսնացուն՝ Շարլին Ուիթսթոքը նրա հետ ամուսնացել է հաշվարկով, իսկ հարսանիքից առաջ Ալբերն, իբր, Շարլինից վերցրել էր անձնագիրը, որպեսզի նա չմեկնի Մոնակոյից:

Ալբեր II-ի փաստաբան Մարք Թոմսոնի խոսքով՝ թրթը խոստովանել է հրապարակված նյութի անհիմն լինելը, հաստատելով, որ փոխհատուցում կվճարի բարոյական վնասի համար, ինչպես նաեւ կփակի դատական ծախսերը: