Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հունվարի 15-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նինիեկ Կուն Նարյաթին (նստավայրը՝ Կիեւ):
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը շնորհավորել է տիկին Նինիեկ Կուն Նարյաթիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Ինդոնեզիայի հետ հարաբերությունները, ակտիվացնել փոխշփումները եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, 2012թ. Հայաստանի արտգործնախարարի այցը Ինդոնեզիա, ինչպես նաեւ արդեն այս տարվա ընթացքում Ջակարտայում դեսպանություն բացելու մեր երկրի որոշումը դրա վառ ապացույցն են:
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, կառավարությունների մակարդակով տնտեսական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Հեռանկարային է համարվել հատկապես զբոսաշրջության, մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում փոխգործակցությունը, ինչին, կողմերի համոզմամբ, նպաստում է նաեւ անցյալ տարի Ջակարտայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ԻՀ կառավարության միջեւ տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:





























