Չվերթի հետ կապված երեխայի լիազորագրի խնդիրների պատճառով Ուկրաինայի քաղաքացուհին փորձել է տասնամյա որդուն լքել Չիլիի օդանավակայանում եւ հանգստի մեկնել դոմինիկյան Պունտա Կանա: Ըստ մեքսիկական լրատվամիջոցների` կինը ձերբակալված է: 

29-ամյա կինը պատրաստվում էր հանգստավայր մեկնել իր կենակցի եւ երեք երեխաների հետ, որոնցից մեկը նրանց համատեղ երեխան էր, իսկ մյուս երկուսը՝ նրանց  առաջին ամուսնություններից մնացած երեխաները: Սահմանին պարզվել է, որ Ուկրաինայի քաղաքացուհու որդին չի կարող լքել երկիրը. մեկնելու թույլտվության լիազորագիրը սխալ է ձեւակերպված՝ առանց երեխայի կենսաբանական հոր մասնակցության: 

Արդյունքում կինը որոշել էր երեխային թողնել օդանավակայանի խանութներից մեկում եւ կրկին փորձել անցնել անձնագրային ստուգման կետը, սակայն արդեն առանց «խնդրահարույց ուղեւորի»: Ոստիկանությունը նկատել է, որ երեխաներից մեկն անհետացել է: Տղային շատ արագ հայտնաբերել են, կինն արդարացել է՝ ասելով, որ զանգահարել էր տղայի հորը` խնդրելով  նրան տանել օդանավակայանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նա իր որոշումը բացատրել է 8,5 հազար դոլար արժողությամբ ուղեգրերը չկորցնելու  ցանկությամբ: Տղայի հայրը հասցրել է գալ եւ տանել երեխային, սակայն մշտապես Չիլիում բնակվող ուկրաինուհին ձերբակալվել է անչափահասին առանց հսկողության թողնելու համար: