Բրազիլիայի Globo հեռուստաալիքի նկարահանող խումբը հունվարի 15-ին հայտնվել է այն մարդկանց դերում, ում մասին ռեպորտաժ էր նկարահանում: Նրանց կողոպտել են կողոպուտի մասին նյութեր նախապատրաստելու ժամանակ:

Լրագրողը, օպերատորը եւ ասիստենտը եկել էին ռեպորտաժ պատրաստելու այն հացաբուլկեղենի խանութի մասին, որը վեջին 15 տարվա ընթացքում կողոպտել էին 38 անգամ: Հեռուստատեսության աշխատակիցները այնտեղ են հասել հենց այն պահին, երբ տեղի էր ունենում 39-րդ հարձակումը, իսկ հանցագործները պատանդ են վերցրել մի քանի այցելուների ու ծառայողների:

Արդյունքում լրագրողներին պահել են նշանառության տակ, որից հետո հանցագործները նրանցից խլել են թանկարժեք իրերն ու փողերը, ապա գողացված մեքենայով դիմել փախուստի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Մի քանի ժամ անց հայտնի է դարձել, որ ոստիկանությանը հաջողվել է պարզել հարձակվողների ինքնությունն ու ձերբակալել նրանց: