Հայաստանում գործարարները խուսափում են հարկային դաշտում աշխատելուց, որովհետեւ հարկերը բարձր են, իսկ վարչարարությունն էլ չափազանց խիստ։ «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության հրավիրած՝ Հայաստանում հարկ վճարողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող քննարկմանը կարծիք հայտնեց իրավաբան Սերգեյ Մարաբյանը։ Ըստ նրա՝ հարկերի նվազեցման դեպքում տնտեսվարողների բավական մեծ հատված դուրս կգա ստվերից եւ կգործի օրինական դաշտում։ Մարաբյանի համոզմամբ, մանր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների մեծ մասը գործող հարկային օրենքներից գրեթե տեղեկացված չեն կամ չեն կարողանում հասկանալ օրենքի պահանջը։ «Հարկային օրենսգրքում այնքան խրթին ձեւակերպումներ կան, որ պետք է փորձառու իրավաբան լինել՝ դրանք հասկանալու համար»,- ասաց Ս. Մարաբյանը՝ նկատելով, որ հարկային օրենքները պարզաբանող գրականություն գրեթե չկա, մինչդեռ այսօր Հայաստանում նման ձեռնարկների պահանջարկը հսկայական է։
«Հարկային կամ մաքսային տեսուչի ներկայությամբ գործարարը գրեթե միշտ իրեն մեղավոր է զգում, որովհետեւ օրենքները գրված են խրթին լեզվով, եւ դժվար ընկալելի են, հաջորդ պատճառը՝ օրենքները հստակ չեն, իսկ ցանկացած ոք, ով լավատեղյակ չէ օրենքներին, իրավապահի ներկայությամբ արդեն իրեն մեղավոր է զգում, քանի որ չգիտի, արդյոք խախտե՞լ է օրենքի տառը»,- նշեց իրավաբանը՝ ավելացնելով, որ, օրինակ՝ «Մաքսային օրենսգրքում» «մաքսանենգության» ձեւակերպումն այլ կերպ է տված, իսկ «Քրեական օրենսգրքում» ուրիշ ձեւակերպմամբ։
Նրա խոսքով՝ գործարարները օրենքները հասկանալու համար պետք է հմուտ իրավաբանների ծառայություններից օգտվեն, սակայն ոչ բոլորի ֆինանսական հնարավորություններն են թույլ տալիս, դիմելու բարձր վարձատրություն պահանջող իրավաբանների։ Քննարկմանը ներկա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Գյուրջինյանի խոսքով, իրենց իրավական աջակցության համար դիմած քաղաքացիները դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են պետական տարբեր մարմիններին ու հատկապես Պետական եկամուտների կոմիտեին։ «Դատարանում նմանատիպ գործերի մոտ 60 տոկոսը լուծվում է հօգուտ քաղաքացու»,- ասաց նա՝ նշելով, որ քաղաքացիների կողմից շահած գործերի ցուցանիշը խոսում է, այն մասին, որ հարկային տեսուչներն էլ հարկային օրենսդրությանը լավ չեն տիրապետում, հակառակ դեպքում կազմած գործերի կեսից ավելին տանուլ չէին տա։
Ի դեպ՝ «Հարկ վճարողների եւ գործարարների պաշտպանություն» հասարակական կազմակերպության քննարկմանը հրավիրվել էին մոտ 30 պետական, հասարակական եւ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայսատանում հարկ վճարողների իրավուքների պաշտպանության մակարդակը բարձրացնելուն ուղղված քննարկմանը բացակայում էին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները։



























