Պաշտոնակալման արարողությունից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահական լիմուզինին կվերադարձնի Կոլումբիայի շրջանի բողոք արտահայտող կարգախոսով համարանիշը: Վերջինիս վրա գրված է.  «Taxation Without Representation» (Հարկում առանց Կոնգրեսում ներկայացնելու): Այս մասին հայտնել է Սպիտակ Տան ներկայացուցիչ Քեյթ Մելեյը:

Կարգախոսը մեքենայի համարանիշի վրա տեղադրվել է 2000 թվականին, ի նշան բողոքի, որ ԱՄՆ մայրաքաղաքի բնակիչները քվեարկող ներկայացուցիչներ չունեն Կոնգրեսում, թեեւ մյուս նահանգներում ապրողների պես վճարում են հարկերը:

«Նախագահն ապրում է այս շրջանում արդեն 4 տարի եւ իր աչքով է տեսնում անարդարությունը վաշինգթոնայն ընտանիքների հանդեպ, որոնք ջանասիրաբար աշխատում են, վճարում հարկերը եւ մեծացնում երեխաների, սակայն ձայն չունեն Կոնգրեսում: Այդ համարանիշները կընդգծի Օբամայի աջակցությունը իրավունքների համար պայքարին»,-լրագրողներին հայտարարել է Մելեյը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նման կարգախոսով վաշինգթոնյան համարները նախագահական լիմուզինի վրա ժամանակին ամրացրել է դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնը, սակայն հանրապետական նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հանել է դրանք: Օբաման, ում պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, մտադիր է այդ համարներով երթեւեկել իր ողջ նախագահության ժամկետի ընթացքում: