Պակիստանը կրկին մեղադրել է Հնդկաստանին՝ Քաշմիրում զինվորականի սպանության մեջ: Պակիստանի բանակի տեղեկություններով՝ հնդիկ զինվորականները հունվարի 16-ի գիշերը կրակ են բացել Քաշմիրի պակիստանյան դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է մեկ զինծռայող: Պակիստանի կողմի հայտարարությունների համաձայն՝ կրակահերթերը ոչնչով պայմանավորված չեն եղել:
Պակիստանի զինվորականները մեղադրել են Հնդկաստանին տարվա սկզբից երրորդ անգամ Քաշմիրում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, գրում է Lenta.ru-ն: Ավելի վաղ, հունվարի սկզբին, վիճելի այդ տարածքի սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով, ըստ երկու կողմերից ստացված տեղեկատվության, զոհվել են երկուական հնդիկ եւ պակիստանցի զինվորականներ:
Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ 2012 թվականի սեպտեմբերին սահմանը հատել էր 70-ամյա մի կին՝ ցանկանալով այցելել Պակիստանում գտնվող իր թոռներին: Դրանից հետո հնդիկ սահմանապահները նոր անցակետեր էին տեղակայել, ինչն էլ առաջ էր բերել Պակիստանի դժգոհությունը, քանի որ այդ շրջանում շինարարությունն արգելված է:





























