Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը դանդաղել կամ կանգ է առել բացառապես թուրքական կողմի մեղքով: Այդ մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Վերջինիս կարծիքով, գործընթացի առջեւ ծառացած մարտահրավերները Թուրքիայի պատճառով են: «Թուրքիան շատ խիստ քննադատեց Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Այդ մարտավարությունը նոր չէ: Այն սկսվել է Ցյուրիխից, երբ վերջին պահին թուրքական կողմն ուշացրեց արձանագրությունների ստորագրումը: Փորձում էր Հայաստանին, միջազգային հանրությանը: Թուրքական քննադատությունը ՍԴ-ի որոշմանը դրա շրջանակներում է»,- նկատեց փորձագետն ու հավելեց, որ Թուրքիան փորձել է քաղաքական պատճառ ստեղծել՝ հետ կանգնելու արձանագրություններից՝ միաժամանակ մեղքը բարդելով Հայաստանի վրա: Ըստ Կիրակոսյանի՝ այս ռազմավարությունը չաշխատեց, քանի որ Վաշինգտոնն ու Մոսկվան հիշեցրին Թուրքիային, որ պետք է վավերացնի արձանագրությունները: «Միջազգային հանրության ակնկալիքները կապված են միայն Թուրքիայի հետ, ոչ Հայաստանի: Այժմ Թուրքիան փորձում է ոչ ազնիվ քաղաքական պատճառ ստեղծել: Սա ժամանակավոր է, ինչը կտեւի մինչեւ ապրիլի 23-ը»,- նկատեց փորձագետը: