Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով լուծումն անհար է։ NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել է Ռուսասանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի ռազմական քաղաքականության ընդհանուր հարցերով սեկտորի ղեկավար Սերգեյ Կազյոնովը։ «Որոշ հակամարտություններ գերադասելի է թողնել սառեցված վիճակում, քան „հալեցնել“»- ասել է նա՝ հավելելով, որ հակառակ դեպքում դրանք կսկսեն հոտել։
Սերգեյ Կազյոնովը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը անլուծելի է եւ պետք է պատրանքներից զերծ մնալ՝ հետագայում չհիասթափվելու համար։
Փորձագետի կարծիքով, Ղարաբաղի շուրջ բանակցությունները կարճաժամկետ նպատակներ են հետապնդում եւ ուղղված են տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունություն ապահովելուն։
Արեւմտյան միջնորդ երկրները շահագրգռված են հակամարտության լուծման հարցում, բայց միայն եւ միայն իրենց շահերին հագուրդ տալու համար։ Օրինակ անվտանգ միջանցքներ ապահովելու՝ գազի եւ նավթի տարանցման համար։ Իսկ նախագահ Բարաք Օբաման պարզապես ցանկանում է իր դիրքերը ամրապնդել եւ հասնել գոնե ինչ-որ արդյունքի, քանզի իր նախագահության շրջանում դեռ ոչ մի տեսանելի արդյունքների չի հասել։
Կազյոնովը համոզված է, որ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղին չարժե ձգտել ինչ-որ փոփոխությունների"։
Հակամարտությունն անլուծելի է եւ ցանկալի արդյունքների փոխարեն կարող է իրավիճակի վատթարացում արձանագրվել։ Ինչպես եղավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեպքում։ Փորձագետն ընդգծել է, որ հակամարտության ուժային տարբերակով լուծումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։ Անկախ նրանից, թե ինչ խոստումներ են իրար տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, բանակցությունները շոշափելի արդյունքների չեն հանգեցնի։ «Պետք չէ պատրանքներ ստեղծել»-եզրափակել է Կազյոնովը"։




























