Ալժիրի հարավում ծայրահեղականները հինգ ճապոնացու եւ մեկ ֆրանսիացու են առեւանգել: Հաղորդվում է, որ նրանք բոլորը նավթարդյունահանող ընկերությունում էին աշխատում, հայտնում է «Եվրոնյուսը»:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ առեւանգվածները բրիտանական BP ընկերության աշխատակիցներ են: Ալժիրում նրանք աշխատում էին գազի «Ին Ամենաս» հանքավայրում:
Հինգ ճապոնացու եւ մեկ ֆրանսիացու առեւանգման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումը:
Ավելի ուշ Associated Press-ը, վկայակոչելով ալժիրյան լրատվամիջոցներին,հայտնել էր, որ առեւանգվածների թիվը ոչ թե վեց է, այլ ամենաքիչը՝ ութ: Ճապոնացիներից եւ ֆրանսիացուց բացի եղել են նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Նորվեգիայի քաղաքացիներ: Reuters-ն իր հերթին հայտնում է, որ Ֆրանսիայի քաղաքացին սպանվել է, գրում է gazeta.ru-ն:
Դիտորդները կատարվածը կապում են Ալժիրի իշխանությունների կողմից Ֆրանսիային աջակցելու հետ, որը Մալիում ռազմական գործողություն է անցկացնում: Ալժիրը ֆրանսիական ռազմաօդային ուժերին տրամադրել է իր օդային տարածքը եւ փակել Մալիի հետ սահմանը:




























