Մոսկվայի կենտրոնում` Պովարսկոյ փողոցում սպանված մոտ 76-ամյա հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանը` այս կիրակի օրը պետք է «սխոդկա»-ի մասնակցեր, որին ներկա էին լինելու նաեւ վրացի եւ ադրբեջանցի օրենքով գողերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դեդ Հասանի եղբոր աղջիկը` Կարինե Ամոյանը: Կարինե Ամոյանը նշեց, որ առայժմ զերծ են մնում հավանական պատվիրատուների մասին խոսելուց, պատվիրատուների մասին կխոսեն մանրամասներին տիրապետելուց հետո:

Հարցին, թե ինչու են Ասլան Ուսոյանին «Դեդ Հասան» ասում, նա պատասխանեց. «Նա շատ երիտասարդ հասակում` 34 տարեկանում է  պապիկ դարձել, դրա համար էլ նրան գողական աշխարհում Դեդ Հասան են կոչել: Դեդ Հասանը ծնվել է Վրաստանում, բայց վաղուց Մոսկվայում է  բնակվում: Նա ունի երկու զավակ` որդի եւ դուստր:  Նա Մոսկվայում գտնվող իր մեծ առանձնատանը ապրում էր կնոջ եւ որդու ընտանիքի հետ»: Ի դեպ, Դեդ Հասանը Հայաստանում ժամանակին հայտնի քրեական հեղինակություն «Եզդի Ճակո»-ի հորեղբայրն է: Կարինե Ամոյանը նշեց, որ վերջին անգամ Դեդ Հասանը Հայաստան է եկել իր եղբայրների հուղարկավորությանը: «Ճակոյի ու Կամոյի թաղման ժամանակ 1994- 1995թթ-ին: Դրանից հետո էլ չի եկել: Նա Ճակոյի մահվան հետ մինչեւ վերջ էլ չէր կարողանում համակերպվել: Ինչքան էլ փորձեն օգտագործել, որ Դեդ Հասանը գող է, բայց նա շատ լավ մարդ էր` հասնող, քյասիբներին պահող, հարգանքով: Դա ոչ թե իմ ասելով է, այլ իրեն բոլորն են հարգել: Իր կյանքի փորձից բոլորին խորհուրդներ էր տալիս: Միշտ կրկնում էր, որ բարի մարդը ամեն տեղ տեղ ունի, իսկ չարը` ոչ:  Նա ոչնչից չէր վախենում: Շատ լավ տիրապետում էր եզդիերենին,  հայերենին, ռուսերենին»,- ավելացրեց Կարինե Ամոյանը:

Ի դեպ, հենց այսօր արդեն Դեդ Հասանի Հայաստանում բնակվող ազգականները, բարեկամները մեկնել են Մոսկվա Դեդ Հասանին հրաժեշտ տալու: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, ոչ Մոսկվայի կենտրոնում` Պովարսկոյ փողոցում սպանվել է հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, քրեական հեղինակության դեմ հարձակումը տեղի է ունեցել ժամը 14:30-ի սահմաններում` «Կարետնիյ դվոր» ռեստորանից դուրս գալու պահին: Վարձու մարդասպանը մի քանի գնդակ է արձակել Ուսոյանի ուղղությամբ: Մի գնդակ էլ դիպել է պատահական անցորդի: Ուսոյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել «օրենքով գողի» կյանքը: Ոստիկանությունը որոնում է մարդասպանին:

Նշենք, որ սա Ուսոյանի դեմ երկրորդ մահափորձն էր, առաջինը տեղի էր ունեցել 2010թ. սեպտեմբերի 16-ին: 2010թ-ի սեպտեմբերի 16-ին Դեդ Հասանի դեմ մահափորձ էր կատարվել Մոսկվայի Տվերսկոյ փողոցում: Ուսոյանն ու նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը հրազենային վնասվածքներ էին ստացել: Քրեականների հավաքում Դեդ Հասանը մահափորձի մեջ մեղադրել էր ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ջանիեւին: Ռովշան Լենքորանսկուն ձերբակալել էին սեպտեմբերի 15-ին` Կիեւում:

Ռուսաստանի մայրաքաղաքով նա շրջել է շարասյունով, որը չի զիջել պետության առաջին դեմքերի ավտոշարասյանը, թեեւ լրագրողներին հաջողվել է նկարել նրան մոտ հեռավորությունից` առանց թիկնապահների կողմից նկատվելու:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը