ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրապարակել է հրազենի շրջանառության վերահսկողության միջոցների փաթեթ:

Սպիտակ տանը ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ «այդ հստակ քայլերը պետք է ապահովեն երեխաների անվտանգությունը, կանխեն զանգվածային սպանությունները եւ կրճատեն բռնության համաճարակը» երկրում: Նա օրենսդիրներին առաջարկել է արգելք կիրառել ռազմական նշանակության ինքնաձիգ հրացանների  վաճառքի նկատմամբ եւ  զենք վաճառողներին պարտավորեցնել ստուգել բոլոր գնորդների տվյալները: Բացի դրանից, նախագահը Կոնգրեսին առաջարկել է միջոցներ հատկացնել մարդկային հոգեբանության վրա սպանությունների եւ բռնության տեսարաններ ունեցող տեսախաղերի վնասակար ազդեցության ուսումնասիրություն անցկացնելու համար, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Ծրագրի ֆինանսավորման համար 500 միլիոն դոլար կպահանջվի, հայտնում է lenta.ru-ն: Օբաման Կոնգրեսին առաջարկել է նաեւ լրացուցիչ միջոցներ հատկացնել դպրոցական հոգեբաններին եւ խորհրդականներին, ուսումնական հաստատություններում եւ փողոցներում կարգուկանոնի պահպանման խստացմանը:

ԱՄՆ-ում  զենքի վաճառքի խստացման վերաբերյալ  քննարկումները վերսկսվել էին Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի  ողբերգությունից հետո: Դեկտեմբերի կեսերին հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող 20-ամյա Ադամ Լանզան տարրական դպրոցում սպանել էր 20 երեխայի եւ վեց մեծահասակի: