Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը երկրի նախագահ Ուգո Չավեսին կոչ է արել անձամբ դիմել ժողովրդին եւ բացատրել, թե ինչ է կատարվում երկրում իր բացակայության ընթացքում:
«Ես Չավեսին կոչ եմ անում հայտնվել, դիմել Վենեսուելային եւ պատմել, թե ինչ է կատարվում այս կառավարության հետ, քանի որ այժմ Վենեսուելայում անիշխանություն է տիրում», - Կապրիլեսի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը:
Նահանգապետը նշել է, որ եթե Չավեսը ի վիճակի է հրամանագրեր ստորագրելու եւ նոր արտգործնախարար նշանակելու, ապա կարող է խոսել նաեւ Վենեսուելայի ժողովրդի հետ: Ըստ ընդդիմադրի` դա անհրաժեշտ է երկրի քաղաքացիների հանգստության համար, որոնք մտահոգված են նախագահի երկարատեւ լռությամբ:
Հիշեցնենք, որ Չավեսը գտնվում է Կուբայում, որտեղ նա ուռուցքաբանական հիվանդության հետ կապված վիրահատության էր ենթարկվել: Այնտեղ նա բուժման կուրս է անցնում:



























