Ալժիրում արտասահմանցիներին առեւանգած ահաբեկիչները պահանջում են ալժիրյան բանտերից 100 իսլամիստ ծայրահեղականների ազատում: Նրանք հայտարարել են, որ պատանդների առեւանգումը Մալիի հյուսիսում ֆրանսիական գործողության պատասխանն է: Մինչդեռ Ալժիրի իշխանությունները մտադիր չեն կատարել ահաբեկիչների պահանջները: Այդ մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Դահու Ուլդ Կաբալիան:

Գրոհայինները պատանդ են վերցրել Նորվեգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների: Ավելի վաղ գրոհայիններն ազատել էին ВР ընկերության ալժիրցի աշխատակիցներին:

«Մայակ» ռադիոն նշում է, որ Լիբիայի սահմանից ոչ հեռու գտնվող Ին Ամենաս քաղաքի շրջակայքում կատարվածը անսպասելի է եղել Ալժիրի իշխանությունների եւ այնտեղ աշխատող արտասահմանցիների համար: Ահաբեկչական հարձակումը կատարվել է վաղ առավոտյան, նրանք հարձակվել են  աշխատակիցների ավտոբուսի վրա: Նավթային կայանի մեկ աշխատակից զոհվել է, վեցը՝ վիրավորվել: Տուժածների շարքում կան երկու արտասահմանցի, երկու ժանդարմ եւ երկու թիկնապահ: 

Դրանից հետո ահաբեկիչներն ուղեւորվել են դեպի  նավթային օբյեկտ:  Գերեվարվել է 41 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի յոթ քաղաքացի, նաեւ՝ Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի քաղաքացիներ: Գրոհայինները «Ալ Կաիդայից» են եւ պնդում են, որ եկել են Մալիից: Ալժիրի բանակի  գրոհի դեպքում  ահաբեկիչները սպառնում են պայթեցնել բնակելի հատվածը, որտեղ ապրում է երկու հազար մարդ:
Մինչ այդ Ալժիրի ժողովրդական բանակի եւ երկրի անվտանգության ծառայության ստորաբաժանումները ժամանել են դեպքի վայր: Սակայն հաշվի առնելով «Ալ Կաիդայի» գրոհայինների ձեռքում գտնվող գերիների մեծ թիվը՝ նրանց դեմ հարձակման գործողություն ձեռնարկելը բավական բարդ է: