Հունվարի 16-ին Լոնդոնում վայր ընկած ուղղաթիռի օդաչուն նկարահանվում էր Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում: Նա համարվում էր Միացյալ Թագավորության ամենափորձառու օդաչուն:

Վթարի ենթարկված 8-տեղանոց Augusta 109 ուղղաթիռը չարթերային չվերթ էր իրականացնում RotorMotion ընկերության համար, որը մասնագիտացած է VIP-անձանց սպասարկման ոլորտում:

Ուղղաթիռի ղեկին եղել է 50-ամյա Փիթ Բարնսը, ով Ջեյմս Բոնդի մասին պատմող «Մեռիր, բայց ոչ հիմա», ինչպես նաեւ «Լարա Քրոֆթ. գանձարանի կողոպտիչը, կյանքի օրորց» եւ «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմերի նկարահանման ժամանակ օդաչու է եղել, գրում է The Evening Standard-ը:

Բարնսն ընդհանուր առմամբ օդում է անցկացրել 21 հազար ժամ, գործընկերները նրան համարում են բարձրագույն կարգի պրոֆեսիոնալ, հաղորդում է Utro.ru-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ի առավոտյան Augusta 109 ուղղաթիռը Լոնդոնի կենտրոնում, St George Wharf Tower 50-հարկանի երկնաքերի մոտ հարվածել է վերամբարձ կռունկին եւ ընկել փողոցում կայանված մեքենաների վրա: Վթարին զոհ է գնացել Բարնսը եւ 39-ամյա մի անցորդ: Եվս 13 մարդ վիրավորվել է, որոնցից 5-ին տեղափոխել են հիվանդանոց: