Ինչո՞վ է  խաղողի օղին տարբերվում թթի օղուց: Հարցը ոչ թե գիտակների, այլ Ֆինանսների նախարարության եւ հարկայինի համար է: Տեսքից նրանք միանման են, սակայն հարկային կենսագրությունը բոլորվին տարբեր է:

Մինչեւ 2007 թ. մրգից եւ խաղողից արտադրվող օղու նկատմամբ տուրքերը հավասար էին` տարեկան 15  մլն դրամ:  Դրանից հետո սակայն մրգերից արտադրվող օղու տուրքերը  հավասարեցվեցին գրեթե զրոյի` տարեկան  50 հազ. դրամ, ինչը խթանեց թթի եւ ծիրանի օղու արադրությունը: Իսկ ահա խաղողի օղու համար 15 մլն դրամը պահպանվել է:  Եւ հենց դա է շատ ոչ մեծ գինեգործների խանգարում դառնալ նաեւ  օղի արտադրողներ:

Ոչ մեծ գինու գործարաններից մեկը` Արարատյան դաշտավայրում գտնվող «Այգեզարդի գինու գործարան» ԲԲԸ-ն, մեծ դժվարությամբ է վճարում տուրքը. «Եթե տուրքերն ավելի ցածր լինեն, մեզ համար ավելի հեշտ կլիներ լրացուցիչ արտադրանք թողարկել, որը նույնպես  հարկվում է  եւ ձեռնտու է պետությանը»,-նշում է գործարանի տնօրեն Էդիկ Օրդոյանը:

Իրավիճակի հետ կապված սողոմոնյան լուծում է  առաջարկում Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը. տուրքերը վճարել ըստ չափերի` արտադրում ես շատ, հետեւաբար` վճարում ես շատ:

Ա. Հարությունյանի կողմից անցած տարի հարկային ծառայությանն առաջարկված խաղաղի օղու թորման տուրքերի վերաբերյալ պրոգրեսիվ սանդղակը մերժվել էր որպես բարդ տարբերակ: Համաձայն ենք հարկային տեսուչների հետ. ավելի հեշտ է գանձել 15  մլն դամը, քան  փորձել ճշտել, թե ով որքան է արտադրել:

Սակայն խնդիրը միայն գումար չէ.  թափոնների վերամշակման պայմանների ապահովումը լրացուցիչ «փայլ» կտա տեղական գոյուղատնտեսությանը, ինչը չի կարող դուր չգալ Եվրամիությանը, որի ձգտում ենք ներդաշնակեցվել: