Ավստրալիան համարվում է վտանգավոր կենդանիների ամենամեծ բազմազանություն ունեցող երկրներից մեկը, սակայն օձերի հարձակումների թվով այն զգալիորեն զիջում է այլ պետությունների։ Այս եզրակացությանն են եկել Լիվերպուլի արևադարձային բժշկության դպրոցի գիտնականները, որոնք գնահատել են աշխարհի տարբեր երկրներում օձի խայթոցի տարածվածությունը։

Հոդվածը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում։

Հետազոտողները վերլուծել են 79 երկրներում օձի խայթոցի դեպքերի վերաբերյալ գիտական հրապարակումները՝ 2007 թվականի հունվարից մինչև 2025 թվականի մարտն ընկած ժամանակահատվածի համար։ Նրանց գնահատմամբ՝ աշխարհում տարեկան գրանցվում է օձի թույնից թունավորման 2,1-ից 7 միլիոն դեպք, ընդ որում մահանում է 274 հազարից 513 հազար մարդ։ Միևնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են, որ իրական ցուցանիշները կարող են լինել էլ ավելի բարձր։

Հարձակումների թվով առաջատարը դարձել է Հնդկաստանը. այնտեղ տարեկան տեղի է ունենում 409 հազարից 1,3 միլիոն խայթոց։ Երկրորդ տեղում Նիգերիան է՝ մինչև 666 հազար դեպք, երրորդում՝ Ինդոնեզիան՝ մինչև 490 հազար։ Այնուհետև հաջորդում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (մինչև 467 հազար), Եթովպիան և Քենիան։

Առաջին տասնյակում են նաև Բանգլադեշը, Ուգանդան, Պակիստանը և Բրազիլիան։ Ընդհանուր առմամբ, առաջատար 20 երկրների բաժին է ընկնում աշխարհում օձերի խայթոցի բոլոր դեպքերի մոտ 75%-ը։

Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի երկրներում. տարածաշրջանի բաժին է ընկնում աշխարհում օձի թույնից խայթոցների և մահերի մոտ 45%-ը։ Գիտնականների խոսքով՝ եկամուտների ցածր մակարդակը մեծապես կապված է հարձակումների ավելի բարձր հաճախականության և մահացության հետ։

Հետազոտողները նշում են, որ խնդրի ճշգրիտ մասշտաբները մինչ օրս դժվար է որոշել արդիական տվյալների պակասի պատճառով, հատկապես եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներում։ Նրանց գնահատականները ցույց են տալիս, որ նախորդ հաշվարկները կարող էին էապես թերագնահատել աշխարհում օձերի խայթոցի ընդհանուր թիվը։