Ռուսաստանում չգրանցված «Դրուգայա Ռոսիա» կուսակցության անդամ Ալեքսանդր Դոլմատովը, Նիդերլանդներում չսպասելով քաղաքական ապաստան ստանալուն, ինքնասպան է եղել փախստականների համար նախատեսված ճամբարում: 2012 թվականի հուլիսին Դոլմատովի բնակարանում խուզարկություն է անցկացվել՝ մայիսի 6-ին Մոսկվայի «Բոլոտնայա հրապարակում զանգվածային անկարգությունների գործի» շրջանակներում, որից հետո ակտիվիստը որոշել է հեռանալ Ռուսաստանից: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել են «Հանուն մարդու իրավունքների Ռուսաստանի փաստաբանների ասոցիացիայից»:

Դոլմատովին հրաժարվել են քաղաքական ապաստան տրամադրել եւ մոտ օրերս պետք է դատարանում տեղի ունենար նրա վերաքննիչ բողոքի քննությունը, սակայն նա չի սպասել Նիդերլանդների իշխանությունների վերջնական որոշմանը:

Դոլմատովի ընկեր, Նիդերլանդներում քաղաքական ապաստան ստացած Դենիս Սոլոպովն ասել է, որ ընդդիմադիր ակտիվիստի մայրը վերջին օրերին չի կարողացել կապվել որդու հետ, իսկ նախօրեին Դոլմատովն իր ընկերուհուն SMS հաղորդագրություն է ուղարկել հետեւյալ բովանդակությամբ. «Ես գտնվում եմ Ռոտերդամի բանտում»: Այսօր արտաքսման բանտի աշխատակիցները Դոլմատովի մահվան մասին հայտնել են նրա փաստաբանին:
Արտասահման մեկնելուց առաջ Դոլմատովը, ով փակ հրթիռային ձեռնարկության առաջատար ինստրուկտոր է եղել, հարցազրույցում խոստովանել է, որ լքել է Ռուսաստանը, մտավախություն ունենալով, որ շատերի նման կարող է անցնել «զանգվածային անկարգությունների գործով»: