Պոլիկլինիկաներում կիրառվող ավանդական քարտերը շուտով կփոխարինվեն թվային համակարգով: Այս մասին NEWS.am-Ինովացիա-ի թղթակցին տեղեկացրեց ծրագրավորող Արամ Հարությունյանը` ավելացնելով, որ «Այցելուների հաշվառման համակարգ»-ի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի համակարգել մանկական պոլիկլինիկաների ներքին աշխատանքները և կարճ ժամկետներում բոլոր պոլիկլինիկաներից ստանալ վերջին վիճակագրական տվյալները, ինչը կենսական անհրաժեշտություն է դառնում հատկապես համաճարակների ժամանակ:
Ըստ նրա` նոր համակարգի օգնությամբ հնարավոր կլինի նվազագույնի հասցնել բժիշկների` բլանկներ լրացնելու վրա սպառվող ժամանակը: Հարությունյանի խոսքով՝ բժշկական անկետաների թվայնացման միջոցով ինֆորմացիայի կորուստները կհասցվեն նվազագույնի, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել պոլիկլինիկաներում հաճախորդների հիվանդության անկետաների կորուստների դեպքերից, ինչը հաճախ պատահող երեւույթ է, եւ դժգոհությունների առիթ է դառնում:




























