Մոսկվայի Մեծ թատրոնի բալետի խմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը հունվարի18-ի երեկոյան աչքերի վիրահատություն է տարել, եւ հունվարի 19-ին վերակենդանացման բաժնից սովորական հիվանդասենյակ է տեղափոխվել: Նրա առողջական վիճակը բժիշկները կայուն են գնահատել, ներկա պահին նա ի վիճակի է շփվել հարազատների հետ եւ վեր կենալ անկողնուց:
Մոսկվայի 36 քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Միտիչկինը հաղորդեց, որ տեսողությունը վերականգնելու վերջնական կանխատեսում կարելի է անել միայն վիրահատությունից երկու շաբաթ անց։ Հաջորդ շաբաթվա սկզբում Ֆիլինը եւս մեկ վիրահատական միջամտություն կտանի։ Այժմ տղամարդու աչքերը վիրակապված են, հաղորդում է «Պրավդա.ռու»-ն։
«Կոմսոմոլսկայա պրավդան» հաղորդում է, որ առայժմ բժիշկները հետաձգել են բուժման նպատակով նրան Բելգիա տեղափոխելը։
Նախօրեին Մոսկվայում ձերբակալվել է Մեծ թատրոնի բալետի խմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի անձնական փոստը կոտրած հաքերը։ Նրա անունը չի նշվում։
Հիշեցնենք, որ դիմակավորված անհայտ անձը հունվարի 17-ի երեկոյան Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սրգեյ Ֆիլինի դեմքին թթու էր լցրել։ Մինչ այդ, ինչպես հաղորդեցին թատրոնում, բալետմեյստերին բազմիցս սպառնացել են։




























