Հայաստանի ժողովրդական կուսկացությունում հերքել են Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանն ընդգծեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի կազմից ՀԺԿ-ի դուրս գալու մասին նախօրեին գրել էր «Հրապարակ» օրաթերթը. «Չորեքշաբթի տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստից հետո, ինչպես նաեւ վերջին շրջանում ստեղծված իրավիճակը լցրել է նաեւ Գերմանիայից նոր վերադարձած, կրկին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համբերության բաժակը եւս, որն առանց այն էլ լիքն էր ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալու խոսակցությունների ֆոնին:
Ինչպես տեղեկացնում են ՀԺԿ մեր աղբյուրները` առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հրավիրվելու է ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ պետք է քննարկվի իրենց` ՀԱԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը: Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետեւ այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա: Ըստ ամենայնի, այդ նիստում որոշում կկայացվի, որ ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից»:



























