Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հունվարի 15-ին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նամակով դիմել էր ՀՀ ԿԸՀ նախագահ պարոն Տիգրան Մուկուչյանին, որում այն համոզմունքն էր արտահայտում, որ նախկինում ՀՀ-ում անցկացված համապետական ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ընտրությունները կեղծվել են Հայաստանից հեռացած հարյուր հազարավոր քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ձայները հօգուտ “հաղթող” իշխանական թեկնածուի հաշվարկելու միջոցով: Ելնելով այն իրողությունից, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 49 հոդվածի 1-ին կետի հենց ԿԸՀ-ն է հանդիսանում ընտրությունները կազմակերպող եւ ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմինը, որն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախկինում ընտրությունների ժամանակ կիրառված զանգվածային ընտրակեղծարարությունը կանխելու համար առաջարկեց, որ ՀՀ ԿԸՀ-ն հրապարակի պաշտոնական վիճակագրական տվյալներ ՀՀ անկախացումից ի վեր`
• ՀՀ-ից հեռացած քաղաքացիների,
• ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների,
• ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց
վերաբերյալ:
Հունվարի 19-ին կայացած նիստում ՀՀ ԿԸՀ-ն այս առաջարկը որակեց որպես տեղեկատվություն ստանալու պահանջ, մերժեց ՀՀ-ից հեռացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու մասին առաջարկը, իսկ ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների եւ ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած քաղաքացիների վերաբերյալ մասով ՀՀ նախագահի թեկնածուի դիմումը վերահասցեագրեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը:
Մենք ստիպված ենք պարզաբանել, որ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ էր, այլ համապատասխան տեղեկատվությունը հրապարակելու միջոցով զանգվածային ընտրակեղծարարությունը կանխելու պահանջ: Ներկայումս Հայաստանում ոչ ոք, այդ թվում նաեւ ԿԸՀ-ի անդամները, պատկերացում չունի, թե Հայաստանում իրականում որքան ընտրող է մնացել: ԿԸՀ-ի նիստի ընթացքում Արման Մելիքյանի կողմից արված այս պնդումը ԿԸՀ անդամներից որեւէ մեկի կողմից չվիճարկվեց: Մեր համոզմամբ, այս անորոշությունը նախկինում հնարավորություն է տվել, որպեսզի ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվաքանակը հավելագրվի առնվազն 400-500 հազարով: Հավելագրումն օգտագործվել է իշխանության թեկնածուի հաղթանակն ապահովելու նպատակով:
Մեզ համար կարեւոր է, որ`
• ԿԸՀ նիստի ընթացքում այդ կառույցի անդամներից եւ ոչ մեկը չվիճարկեց նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀ-ի սահմաններից դուրս գտնվող հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիների ձայներն իշխանական թեկնածուի օգտին հաշվարկելու վերաբերյալ արված պնդումը,
• օրինաչափ համարեց ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների եւ ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ թվային տվյալներ հրապարակելու մասին առաջարկը` այն վերահասցեագրելով ՀՀ Ոստիկանության ԱՎՎ:
Մենք գտնում ենք, որ քանի դեռ փոխհամաձայնություն չկա ՀՀ-ից մեկնած քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ, պահպանվում է ընտրությունները կեղծելու բացառիկ հնարավորությունը:
Եթե ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությունը հրապարակի ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների եւ ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերող թվային տվյալները, մենք դա կգնահատենք, որպես իշխանությունների բարի կամքի դրսեւորում եւ իրավիճակը շտկելու ցանկության ապացույց:
Միաժամանակ պետք է տեղեկացնենք, որ խնդիրը կարող է լուծում ստանալ միայն այն դեպքում, եթե համաձայնություն ձեռք բերվի ՀՀ-ից բացակայող քաղաքացիների ընդհանուր թվաքանակի վերաբերյալ: Այդպիսի լուծում հնարավոր է քաղաքական փոխհամաձայնության առկայության դեպքում:
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ ընտրությունների անցկացման օրինականությունն ապահովված չէ, քանի դեռ վերացված չեն ընտրակեղծարարության համար հսկայական հնարավորություններ պարունակող պայմանները: Ելնելով այդ իրողությունից Արման Մելիքյանը, առաջնային համարելով ընտրությունների օրինական անցկացումն ապահովող պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, գտնում է, որ այս պահին դեռեւս հիմքեր չկան գալիք ընտրությունները համարելու իրավաչափ եւ օրինական:
Իրավիճակն է´լ ավելի մտահոգիչ են դարձնում տեղեկություններն այն մասին,
Արման Մելիքյանի որոշմամբ իր նախընտրական շտաբի գործունեությունը ուղղված է լինելու բացառապես ընտրությունների օրինականության ապահովման խնդրի լուծմանը:
Այս պահին իշխանություններին ուղղված պահանջն է`
• հաղորդել արժանահավատ տեղեկություններ ՀՀ-ից բացակայող քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ: Առանց այս հարցում հստակություն հաստատելու, մենք չենք կարող ունենալ օրինական ընտրություններ եւ դրանց միջոցով ձեւավորված լեգիտիմ իշխանություն»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























