«Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ում, որտեղ այսօր` հունվարի 21-ին, պայթյուն է եղել, հրմշտել են լրագրողներին եւ վտարել գործարանի տարածքից դուրս: NEWS.am-ի Լոռռի թղթակիցը հաղորդում է, որ մինչ սպասում էին գործարանի տնօրենի մոտ մտնելուն, վերջինիս քարտուղարուհին, տեսնելով, որ նկարում են,անվտանգության աշխատակիցների հետ հրմշտելով, հարձակվել; են լրագրողների վրա` փորձելով նրանց հանել ընդունարանից: Դրանից հետո քարտուղարուհին հարձակվել է NEWS.am-ի Լոռռի թղթակցի վրա, արգելել նրան նկարել եւ վնասել ֆոտոխցիկը:

Գործարանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մտնել գործարանի տարածք` պատճառաբանելով, որ քննչական աշխատանքներ են իրականացվում, մինչդեռ քննիչները NEWS.am-ի Լռռիi թղթակցի հետ զրույցում ասել են, որ լրագրողների աշխատանքը չի խանգարում քննչական գործողություններին: Տնօրենը ոչ միայն լրագրողներին չի ընդունել, փոխարենը` նրանց վտարել են գործարանի դարպասներից դուրս:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.45-ին Վանաձոր քաղաքում`«Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքից լսվել է պայթյունի ձայն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է աշխատակից, 1990 թ. ծնված Դ. Ասատրյանը, վիրավորել եւս մեկ անձ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ներկայումս արտակարգ պատահարի հետեւանքների վերացման աշխատանքներ են կատարվում:

Վանաձորի «Պրոմեթեյ Քիմպրոմ» ՓԲԸ-ն միավորում է երեք ձեռնարկություն` Վանաձորի քիմիական գործարանը, Վանաձորի քիմմանրաթելերի գործարանը եւ Վանաձորի ՋԷԿ-ը:  Գործարանի շահագործումն սկսվել էր 2005թ.` երկարատեւ դադարից հետո: Սեփականատերն է Բրիտանիայում գրանցված ռուսական «Ռոդինգ Լիմիթեդ Ինթերնեյշնլ» ընկերությունը: