Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին կարելի է ծանոթանալ նրա կայքում` www.serzhsargsyan.am:
Պետության ղեկավարի նախընտրական քարոզարշավը կանցկացվի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով, որի խորհդանիշ է ընտրվել ծառի տերեւը: Այսօր տեղի կունենա նախընտրական տեսահոլովակի շնորհանդեսը: Երգի հեղինակն է «Հարմոնիա» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբան Ալբերտ Աբգարյանը: «Դեպի ապահով Հայաստան» երգը կատարում են Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Միհրան Ծառուկյանը, Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը:
Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում նշվում է, որ անցած հինգ տարիների ընթացքում երկիրը դիմակայել է բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերների, վստահ առաջ է շարժվել, հավատացել է եւ փոխվել` ջանք չխնայելով յուրաքանչյուրի եւ բոլորի համար լավագույն Հայաստան կառուցելիս: «Իշխանությունները մեզանում քննադատվել են մշտապես, ու քննադատությունը շարունակվելու է: Եվ դա բնական է: Ակնհայտ է, որ քննադատությունն իրականում պայմանավորված է ավելի լավ, ավելի շեն Հայաստան տեսնելու ցանկությամբ», - նշվում է ներածականում:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ երկիրն արդեն ունի հայրենիքի անվտանգությունն ապահովող մարտունակ բանակ, պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման բավականին հասուն ինստիտուտներ, վերելք ապրող քաղաքացիական հասարակություն եւ մամուլ, որն իր ազատության աստիճանով առաջ է շատ ու շատ երկրներից, այդ թվում նաեւ ավելի զարգացած և ժողովրդավարության ավելի երկար պատմություն ունեցող երկրներից: «Վստահեցնում եմ՝ 2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Հաստատուն քայլերով ենք գնալու այդ ճանապարհով՝ Դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհով»:




























