Այսօր` հունվարի 21-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների եւ դրանց արձագանքման միջոցառումների մասին։ Այս օրերին տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին հաշվետվություններ են ներկայացնում Փրկարար ծառայության մարզային վարչությունները։

Պետական ռեզերվների գործակալության հետ աշխատանքներ են տարվում ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական օգնության տարածաշրջանային կենտրոն ստեղծելու ուղղությամբ։

Շուտով մարզերում կմեկնարկեն Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հետ կազմակերպվող դասընթացները` աղետների բժշկության գծով հրահանգիչներ պատրաստելու համար։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Հ. Մաթեւոսյանը զեկուցեց, որ այսուհետ ավելի սերտ համագործակցություն է լինելու քաղաքացիական եւ ուժային կառույցների ԲՈՒՀ-երի միջեւ` գիտական աշխատանքների եւ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման բնագավառներում։