«Կատարվել է ապօրինություն: Հերթական անգամ խոչընդոտվել է „Ժառանգություն“ խմբակցության գործունեությունը: Այս անգամ խոչըդոտել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցել Լարիսա Ալավերդյանին»,- փետրվարի 5-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նշենք, որ Լ. Ալավերդյանը հայկական պատվիրակության փոխարինող անդամ է եւ նախորդ անգամներին մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին: Ինչպես Զարուհի Փոստանջյանի պարագայում, այս դեպքում եւս, նրան բանավոր ասվել է, որ պատճառը ֆինանսական միջոցների սուղ լինելն է:

Նկատենք, սակայն, որ օրեր առաջ ԱԺ 15-20 հոգանոց պատվիրակություն էր մեկնել Եգիպտոս, որի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տարել էր նաեւ իր կնոջը: Բացի այդ, ըստ Ստյոպա Սաֆարյանի, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ բյուջեում ԱԺ-ի համար ծախսերը նախատեսվում են պատվիրակությունների ամբողջական կազմի համար, ոչ թե միայն հիմնական կազմի:

Այս առնչությամբ, «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Սկսվել է տոտալ հակաքարոզչություն „Ժառանգության“ դեմ: Սա հստակ քաղաքական պատվեր է` շրջափակման ենթարկել „Ժառանգությանը“: Ընդ որում, ֆինանսական միջոցների սղության բացատրությունը ներկայացվում է միայն բանավոր»: