«Էրգենեկոնի» գործով 3-րդ մեղադրական զեկույցը արդեն պատրաստ է, եւ դատարանը ունի 15 օր ժամանակ այն ուսումնասիրելու: Այս մասին հաղորդում է թուրքական «Radikal» թերթը:
Մեղադրական զեկույցում ուշադրության են արժանի այն բաժինները, որոնք կապված են «Էրգենեկոնի» իրականացնելիք գործողությունների հետ, հաղորդում է թուրքական Radikal թերթը: Ըստ նրա, հատուկ նշանակության զորքերի սպա Իբրահիմ Շահինին կցված խմբերը ունեին թիրախների անունները: Շահինին կցված 12 խումբ կար, որ պետք է սպանություններ իրականցներ: Խմբերի անդամները ընտրվել են ոստիկանության եւ զինված ուժերից:
Խմբերը ունեին իրենց կողմից սպանվելիք անձանց ցուցակը: Ցուցակներից մեկի գլխավոր թիրախը Թուրքիայում հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն էր: Հայոց պատրիարքին սպանելու համար խումբը ամենամանրամասն ձեւով պատրաստվել էր: Ոսումնասիրվել էր, թե երբ է պատրիարքի մեքենան գալիս եկեղեցի եւ երբ է գնում: Որոշվել էր, թե քանի հոգի պետք է հայոց պատրիարքի մեքենայի վրա կրակ բացի, նրա մեքենայի վրա նետվելիք նռնակների քանակը, ինչ մեքենայով պետք է հեռանային սպանությունից հետո եւ այլ մանրամասներ: Ցուցակի ամենգլխավոր անունը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի անունն է: Ըստ ծրագրի, Էրդողանին պետք է սպանեին Անկարայում: Իհարկե այս ամենը դեռ մեղադրական զեկույց է, իսկ թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը, ցույց կտա դատարանի որոշումը:
NEWS.am-ը հիշեցնում է, որ «Էրգենեկոնը» ենթադրյալ ահաբեկչական ընդհատակյա կազմակերպություն է, որ նախատեսել էր Թուրքիայում իրականացնել հեղաշրջում: «Էրգենեկոնի» գործով կան 100-ից ավել ձերբակալվածներ, տարբեր բնագավառներից: Այդ թվում պաշտոնաթող եւ ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան զինվորականներ, բժիշկներ եւ այլն:




























