Օմսկում չորրորդ դասարանի աշակերտը որոշել է ինքնասպան լինել` նետվելով կամրջից: Ողբերգության  ականատես է դարձել կամրջով ընթացող մեքենայի վարորդը, որն էլ զանգահարել է ոստիկանություն: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հունվարի 21-ի երեկոյան:

Դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ բժիշկները, երեխային մոտենալը դժվար է եղել ձյան պատճառով: Տղան գիտակից վիճակում է եղել, բղավել է ցավից: Փրկարարները տուժածին հանձնել են բժիշկներին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Սակայն երեխայի վնասվածքները շատ լուրջ են եղել: Նա ներքին օրգանների վնասվածքներ, բազմաթիվ կոտրվածքներ է ունեցել: Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն չեն կարողացել փրկել:

Այժմ քննիչները պարզում են ինքնասպանության պատճառները: Նրանք պատմել են, որ երեխան ոչ մի տարաձայնություն չի ունեցել ծնողների հետ, նա պետք է անգլերենի դասի նստած լիներ: Ճշտվում է, թե նա ինչպես է հայտնվել կամրջին: Ողբերգության վայրում հայտնաբերվել է նրա պայուսակը: Տղայի ծնողները ուսուցիչներ են: 

Երեխան տուն է մտել, ճաշել եւ գնացել լրացուցիչ պարապմունքների: Քննիչները պատրաստվում են հարցաքննել տղայի հարազատներին, համադասարանցիներին՝ հասկանալու համար, թե արդյոք նա տարաձայնություններ ունեցե՞լ է դպրոցում: