Փետրվարի 3 եւ 4-ին ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի ու Հարկադիր կատարման oպերատիվ բաժնի հետ համատեղ խումբը հայտնաբերել եւ առգրավել է «Արտյոմ-Արտուշ եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող, բանկում գրավադրված 28 տրանսպորտային միջոց, որոնք շահագործվում էին երկու տաքսի-սերվիսներում:
ԴԱՀԿԾ մամուլի քարտուղարը NEWS.am-ին հայտնեց, որ հարկադիր գործողություններն իրականացվել են 2009թվականի դեկտեմբերի 22-ին Ավան եւ Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանից ստացված կատարողական թերթիկի հիման վրա հարուցված գործի շրջանակներում: Այն նախատեսում է «Արտյոմ-Արտուշ եղբայրներ» ՍՊԸ-ից հոգուտ Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի բռնագանձել 123 միլիոն դրամ: Նաեւ արգելանք է կիրառվել 6 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որոնց թվում են բնակարաններ եւ առանձնատներ: Հայտնաբերվել են նաեւ 12 տրանսպորտային միջոց, սակայն ոչ սարքին լինելու պատճառով դրանք չեն տեղափոխվել ծառայության տարածք: Արգելանքի տակ գտնվող եւ առգրավված գույքը սահմանված կարգով օտարվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդով:




























