Երեկ՝ հունվարի 21-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 36-ամյա Հակոբ Մկրտչյանը: Վերջինս հունվարի 13-ի գիշերը ենթարկվել էր ավազակային հարձակման: Երկու զինված ու դիմակավորված անձինք հարձակվել էին Շենգավիթի Բագրատունյաց փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա: Հակոբ Մկրտչյանը դիմադրություն էր ցույց տվել, հանցագործները կրակել էին իր վրա եւ հափշտակել 40 միլիոն դրամ:
Հ.Մկրտչյանը որովայնի վնասվածքով եւ աջ սրունքի վերջույթի վնասվածքով, ծայրահեղ ծանր տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում տուժվածը 3-րդ վիրահատությունն է տարել եւ աջ ազդրի ստորին երրորդականից ոտքը ամպուտացվել էր:
Նշենք, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), նույն մասի 4-րդ կետի (զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք- զինամթերք կրելը եւ օգտագործելը) հատկանիշներով:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ հանցագործները դեռ չեն հայտնաբերվել: Նրանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:





























